Telegram Group Search
🔥 👆 Այս թեմայի շրջանակում եւս մի քանի դիտարկում:

Կասկածից վեր է, որ Հայաստանը չպետք է դիրքավորվի Թուրքիայի՝ դեպի Կասպից ու Կենտրոնական Ասիա ճանապարհի «սեպի» կամ «պատնեշի» կարգավիճակում: Ինձ համար դա քննարկելի հարց չէ:

Քննարկելի հարց չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանը բացարձակապես չունի դրա հնարավորությունն ու ներուժը եւ ոչ մի առումով, ոչ միայն պաշտպանական: Հետեւաբար, այդպիսի դիրքավորման պարագայում Հայաստանը անխուսափելիորեն պետք է փնտրի իրապես խոշոր խնամակալ, այսպես ասած՝ «մեծ եղբայր»: Բայց, հարկ է արձանագրել, որ Հայաստանի «մեծ եղբայր» լինելու ցանկություն ունեցող չկա: Չկա տարբեր պատճառներով, բայց՝ չկա:

Չկա, ոչ թե որովհետեւ վատն են, դավաճան են ռուսները, իրանցիները, ամերիկացիները, եվրոպացիները կամ չինացիները, այլ որովհետեւ Թուրքիան նրանց համար ավելին է, քան «եղբայրը»՝ Թուրքիան նրանց համար գործընկեր է, եւ վրադիր՝ Ադրբեջանը:

Հետեւաբար, Հայաստանը նրանք կարող են դիտարկել ոչ թե «կրտսերի», այլ «մանրի» կարգավիճակով, ոչ թե «եղբոր», այլ «դրամի»՝ մանր դրամի, մանրադրամի կարգավիճակով: Բոլորը, բո-լո-րը: Եվ դա նրանից չէ, կրկնեմ, որ նրանք վատն են, այլ որովհետեւ այդպիսին են շահերը, այդպիսին է ուժերի հարաբերակցությունը: Նրանց պայմանավորվածության սուբյեկտը բազմապատիկ ավելի լինելու է Թուրքիան, քան Հայաստանը: Իսկ, թե հետո ինչպես վարվել Հայաստանի հետ, նրանք ունեն փափուկից մինչեւ կոշտ տեխնոլոգիաների հսկայական գործիքակազմ, երբ վերջում մեղավորը միշտ դուրս կգա Հայաստանը՝ Հայաստանում որեւէ մեկը, կոնկրետ անուններով ու ազգանուններով, ըստ հանրային խմբերի ճաշակի:

Սրանով հանդերձ, Հայաստանը նաեւ չպետք է ունենա պատրանք, թե Թուրքիայի համար ինքը կարող է լինել գործըներ: Այո, Հայաստանը պետք է ձգտի խոսել Թուրքիայի հետ, ունենալ ուղիղ խոսակցության միջավայր եւ մեխանիզմ, բայց Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այդ հարցում երրորդ կողմերի դերակատարությունը եւ գործոնը անտեսելու «շքեղություն»:

Երրորդ կողմերի, ընդգծեմ՝ կողմերի, ոչ թե միայն մեկ կողմի, երրորդ կողմերի հանգամանքը Հայաստանին թույլ կտա որոշակիորեն հավասարակշռել այն տարբերությունը, որ կա իր եւ Թուրքիայի ուժերի միջեւ: Թեկուզ հարաբերականորեն հավասարակշռել, բայց դա գործոն է, որից հրաժարվելը կլինի անթույլատրելի շքեղություն:

Ընդ որում, «երրորդ կողմեր» ասելով պետք չէ հասկանալ միայն Ռուսաստան եւ Արեւմուտք: Մենք պետք է կարողանանք օգտագործել նաեւ արաբական աշխարհում եղած ներուժը: Ավելին, այստեղ կան շատ հետաքրքիր շերտեր ու ռեսուրսներ, նաեւ այսպես ասած կադրային՝ հմուտ, բանիմաց, բազմափորձ:
Hakob Badalyan
🔴 Վրաստանի վարչապետը Բաքվում հայտարարել է, որ Թբիլիսին Երեւանին ու Բաքվին առաջարկում է եռակողմ գործակցության ձեւաչափերի ստեղծում, տարբեր ոլորտներում: Այդ առաջարկի կոնկրետության վերաբերյալ գնահատական տալը բարդ է, քանի որ մանրամասներ հայտնի չեն: Միեւնույն ժամանակ…
💥 Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորաշվիլու հետ: Նշվում է, որ գալիք շաբաթ Բոչորաշվիլին կայցելի Հայաստան:

Այդ առնչությամբ հիշեցնում եմ օրեր առաջ անդրադարձս Վրաստանի վարչաետ Կոբախիձեի Բաքու կատարած այցին, որից առաջ Բաքու էր մեկնել նաեւ Բոչորաշվիլին:

Նաեւ նշել էի այդ օրերին, որ իրադարձությունների զարգացումը թերեւս անհրաժեշտ է դարձնում հայ-վրացական կոմունիկացիան: Փաստացի, գալիք շաբաթ այցը այդ համատեքստում է:

Հայ-վրացական կոմունիկացիան միջավայրային առումով ըստ էության ստացել է օրակարգային քննարկման երկու առարկայական նորություն, խորքային նորություն: ԱՄՆ-ում նախագահ Տրամպի պաշտոնամուտ՝ դրանից բխող իրողություններով, եւ Մոսկվայում ռուս-իրանական ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագրի ստորագրում:

Այստեղ Երեւանն ու Թբիլիսին ունեն քննարկելու շատ հարցեր: Հիշեցնեմ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հայտարարությունը դեռեւս նախորդ տարեվերջին, երբ Վրաստանում հետընտրական լարված իրողությունների ֆոնն էր, եւ այդ ֆոնին էլ ԱՄՆ վարչակազմը որոշեց դադարեցնել Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության ռեժիմը:

Կոբախիձեն հայտարարեց, որ իրենք սպասում են Տրամպի պաշտոնամուտին եւ նրա հետ կքննարկեն բոլոր հարցերը: Այստեղ ուշագրավ է, որ, դեմոկրատական վարչակազմը Վրաստանի հետ խզեց այդ ռեժիմը, իսկ Հայաստանի հետ Տրամպի պաշտոնամուտից մեկ շաբաթ առաջ ստորագրեց հայտնի կանոնադրությունը՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովների: Իսկ, ինչպես հայտնի է, մեր դեպքում էլ կա հարցը, թե Տրամպը ինչպես է վերաբերելու այդ փաստաթղթին: Հայաստանն ու Վրաստանը այդ առումով անկասկած կունենան քննարկելու ընդհանուր հետաքրքրություններ:

Ինչ վերաբերում է ռուս-իրանական համաձայնագրին, ապա այստեղ էլ Երեւանն ու Թբիլիսին ունեն դիտարկելու հանգամանքներ ու հեռանկարներ, հաշվի առնելով այն, որ պայմանագրում Կովկասը անմիջական հիշատակվող ռեգիոնների շարքում է, որպես Իրանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքի եւ հետաքրքրության գոտի:🇦🇲🇬🇪
💥 Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ադրբեջանական գազ մատակարարել Եվրոպա:

Ըստ նրա, այդ հարցը քննարկել է Դավոսում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:

Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազ կարող է մատակարարվել միայն Ռուսաստանի ցանկության դեպքում, որովհետեւ Ուկրաինա մտնելու համար, Ադրբեջանի գազը պետք է նախ մտնի Ռուսաստան, հասնի Սուջա, որը Կուրսկի մարզում է եւ գոնե առ այս պահը ուկրաինական վերահսկողության ներքո, որպեսզի հետո մուտք գործի Ուկրաինայի գազային ենթակառուցվածք:

Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք Ռուսաստանը համաձայն է: ՌԴ փոխվարչապետ Նովակը նախորդ տարի հոկտեմբերին հայտարարել էր, որ չի քննարկվում ադրբեջանական գազը սվոփ տարբերակով դեպի Ուկրաինա ու Եվրոպա տարանցելու հարց: Ըստ նրա, չկան նաեւ այդպիսի առաջարկներ:

Ուկրաինայի տարածքով մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը տարանցվում էր ռուսական գազը, պայմանագրի համաձայն: Պայմանագիրը լրացավ դեկտեմբերի 31-ին, իսկ Կիեւը հայտարարել էր, որ չի շարունակելու այն: Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ են քննարկել այլ երկրի գազի տարբերակը:

Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը ադրբեջանական գազ տարանցելու Կիեւի պատրաստակամության մասին: Մոսկվան համաձա՞յն է:

Ըստ էության, թերեւս մեծ հավանականությամբ Ուկրաինայով կտարանցվի ռուսական գազը, պարզապես ադրբեջանականի անվան տակ: Այսպես ասած, թե գայլերը կուշտ կլինեն, թե ոչխարներն անվնաս:

Ընդ որում, շատ ուշագրավ է այն, որ Զելենսկին ադրբեջանական գազի մասին հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարում է, թե նավթի բարձր գինն է Ուկրաինայում պատերազմի շարունակության պատճառը եւ պատերազմը կանգնեցնելու համար պետք է նվազեցնել գինը:

Փաստացի, հայտարարելով, որ պատրաստ է տարանցել ադրբեջանական գազը, Զելենսկին դե ֆակտո հայտարարում է, որ պատրաստ է «աչք փակելով» շարունակել տարանցել ռուսական գազը:

Հետաքրքիր է՝ ինչու՞:

Կրկնեմ, որ դա իհարկե կարող է տեղի ունենալ միայն ու միայն ՌԴ համաձայնությամբ, այլ տարբերակ բացառում է պարզապես աշխարհագրությունը:
⚡️ Պատկերացնու՞մ եք, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվի, թե պատրաստվու՞մ է նա արտահերթ ընտրության, ու հնչի պատասխան՝ այո, ես պատրաստվում եմ արտահերթ ընտրության:

Արտահերթ ընտրությունն արտահերթ է առաջին հերթին նրանով, որ դրա մասին չի հայտարարվում նախապես: Օրինակ, 2021 թվականի խորհրդարանի ընտրությունը արտահերթ համարելը կլինի ըստ էության խիստ պայմանական: Այն արտահերթ էր ֆորմալ առումով, իսկ դե ֆակտո՝ դա հերթական տրամաբանական ընտրություն էր, որովհետեւ նախորդից հետո արմատապես փոխվել էր իրավիճակ, եւ հետեւաբար չէր կարող իրադրությունը մնալ նախորդ ընտրությանը բնորոշ ստատուս-քվոյով:

Նույնը մեծ հաշվով վերաբերում է 2018-ի դեկտեմբերի ընտրությանը, որը եւս՝ ըստ էության նախապես հայտարարված արտահերթ էր:

Հետեւաբար, եթե մենք խոսում ենք իրապես արտահերթ ընտրության մասին, ապա այն չի կարող լինել վաղորոք հայտարարված: Այն պետք է հասունանա, պետք է ստեղծվի դրան բերող իրավիճակ, ընդ որում թե ներքին, թե արտաքին:

Կամ, կլինի այնպես, ինչպես 2018-ին եւ 2021-ին: Այսինքն, կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք հետո արդեն կպահանջեն ֆորմալացում արտահերթ ընտրական պրոցեսի միջոցով ձեւավորվող նոր ստատուս-քվոյի տեսքով:

Վերադառնալով սկիզբ, խիստ միամիտ է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը որեւէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին:

Դա չի նշանակում, որ նա թաքցնում է ինչ որ սցենար, բայց աներկբա գնալու է արտահերթի: Ամենեւին: Բայց, արտահերթի հնարավոր տարբերակի մասին դատել նրանով, թե՝ Փաշինյանը կպատասխանի այո կամ ոչ, կլինի շատ միամիտ:

Իսկ նրա նախընտրական ռեժիմն ակնհայտ է:
💥 Դավոսում ոչ միայն տեղի չունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում, այլ գործնականում անգամ չշոշափվեց դրա հնարավորությունը: Նկատի ունեմ կազմակերպիչների մակարդակում խոսակցության բացակայությունը:

Դա նշանակու՞մ է, որ կա որոշակի հետաքրքրության անկում: Հնարավոր է, որովհետեւ հիմա տեղի են ունենում պրոցեսներ, որոնց համեմատությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ըստ էության շատ շատ փոքր հանգամանք է:

Դավոսում նրանք հանդիպել էին 2019 թվականին: Հանդիպումը տեւել էր գրեթե մեկուկես ժամ: Ընդ որում, դա Փաշինյան-Ալլիեւ կարծես թե երկրորդ հանդիպումն էր: Առաջինը եղել էր Դուշանբեում, 2018-ի սեպտեմբերին: Թեեւ այն ստացել էր «վերելակային դիվանագիտություն» անվանումը, բայց դա անշուշտ այլ բան չէր, քան ընդամենը տեղեկատվական իմաստ ունեցող շրջանառություն, որովհետեւ Դուշանբեում նրանց հանդիպումը եղել էր «ոչ վերելակում» եւ տեւել գրեթե մեկ ժամ:

Ի դեպ, այդ առումով թերեւս արժե հիշատակել հատկանշական այն հանգամանքը, որ Դուշանբեում այդ հանդիպումից մեկ օր առաջ Բաքու էր մեկնել Վլադիմիր Պուտինը: Դա հատկանշական է նրանով, որ Պուտինը մինչ այդ՝ սեպտեմմբերի սկզբին, Մոսկվայում հյուրընկալել էր Ալիեւին: Եվ այն, որ նա Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին մեկնեց Բաքու, իսկ հետո այնտեղից մեկնեց Դուշանբե, իսկապես ուշադրության արժանի էր: Որովհետեւ, հնարավոր է, որ Պուտինի այցը պայմանավորված էր հենց Փաշինյան-Ալիեւ հանդիպման «նախապատրաստության» նկատառումով:

Վերադառնալով Դավոսում «չկայացած» հանդիպմանը: Ինչպես նշել եմ դեռ նախորդ տարեվերջից, Տրամպի պաշտոնամուտը նշանակելու է որոշակի փոփոխություններ աշխարհաքաղաքական այն մեծ սակարկության համատեքստում, որ ծավալվում է գերտերությունների միջեւ: Դա բնականաբար իր ազդեցությունն է թողնելու նաեւ հայ-ադրբեջանական պրոցեսի վրա, որը վերջին հատկապես երկու տարիներին ավելի շուտ գտնվում էր ԱՄՆ վարչակազմի ակտիվության եւ նախաձեռնողականության ազդեցության ներքո:

Ու, քանի որ տեղի է ունենում վարչակազմի փոփոխություն, ընդ որում մոտեցումների շատ էական փոփոխություններով, ապա հայ-ադրբեջանական գործընթացը ներկայումս պայմանական իմաստով հայտնվում է «անցումային փուլում»: Նաեւ այստեղ է, որ իրավիճակը ստանում է ռիսկայնության բավականին բարձր աստիճան:
🔥 Հայերի ցեղասպանության ճանաչման ամենից ուժգին, թույլ տվեք ասել՝ տպավորիչ քաղաքական ակտերը կայացրել է Ֆրանսիան:

Ֆրանսիայում քննարկվեց անգամ ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը, օրենքն ընդունվեց խորհրդարանում, բայց այն հակասահմանադրական ճանաչեց Սահմանադրական դատարանը, համարելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը: Ընդ որում, այդտեղ թերեւս կար ակնառու խտրականություն, որովհետեւ, Ֆրանսիայում կարծես թե շատ վաղուց գործում է Հոլոքոսթի ժխտման համար քրեական պատասխանատվության օրենք:

Ինչպե՞ս կարող է իրավական առումով մեկի ժխտումը լինել քրեորեն հետապնդելի, մյուսինը՝ ոչ:

Ի դեպ, այդ առնչությամբ, երբ Ֆրանսիայում քննարկվում էր հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքի նախագիծը, Փարիզում առիթ եմ ունեցել այդ թեմայով զրուցել մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեի հետ եւ կարծիք հայտնել, որ օրենքը Ֆրանսիայում այդուհանդերձ չի դառնա կիրառելի:

Ես իհարկե կարծում էի, որ այն չի ընդունվի խորհրդարանի վերին պալատում, բայց փաստացի կասեցումը կամ արգելակումը տեղի ունեցավ Սահմանադրական դատարանում:

Այդուհանդերձ, կրկնեմ, ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը անկասկած եղել է բավականին ընդգծված ու առանձնահատուկ: Իհարկե, գուցե ավելորդ է նույնիսկ ասել, որ բուն մոտիվը Ֆրանսիայի աշխարհաքաղաքական ռազմավարությունն է, Թուրքիայի հետ էքզիստենցիալ մրցակցության հանգամանքը, որը գուցե ածանցվել է ֆրանս-բրիտանական մրցակցությունից: Չխորանանք շերտերի մեջ, դրանք բնականաբար շատ են:

Ես իհարկե հարյուրամյա պատմական իրադարձությունների գիտակ չեմ, բայց, ինձ հետաքրքիր է, Ռուսաստանին՝ մեզ թուրքերի հետ թշնամացնելու հարցում, դրա համար ցեղասպանության խնդիրը «շահարկելու» համար մեղադրանքների հեղինակները ի՞նչ են մտածում Ֆրանսիայի մասին:

Բայց, խոսքս ամենեւին այն մասին չէ, թե՝ Ռուսաստանին մեղադրելու պարագայում, բա ինչու՞ նույնը չեք ասում Ֆրանսիայի մասին:

Ըստ իս, պարզապես անմտություն է գերտերություններին որեւէ կերպ ուղղակկի, թե անուղղակի մեղադրել այդ հարցը իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնելու համար: Անմտություն է երկու պատճառով.

ա) կա ցեղասպանության փաստ: Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, միջազգային ոճրագործություն: Եթե որեւէ մեկը այդ հանգամանքը շահարկում է, խաղարկում իր նպատակների համար, իհարկե ցանկալի չէ, բայց այդ հանգամանքը բացարձակապես չի կարող հավակնել լինել որեւէ «բացատրություն», որն ուղղակի, թե անուղղակի ձեւով կասկածի տակ կարող է դնել ոճրագործության փաստը եւ այն ճանաչելու եւ դատապարտելու անհրաժեշտությունը:

բ) մենք որեւէ կերպ չունենք ազդեցություն որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ, հետեւաբար, մենք չենք կարող նրանց ստիպել հրաժարվել ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ խաղարկելու իրենց քաղաքականությունից, եթե նրանք անհրաժեշտ համարեն այդպիսի քաղաքականություն: Հետեւաբար, ոչ միայն չկա որեւէ իմաստ՝ հրապարակավ քննարկման, խոսույթի առարկա դարձնել մի բան, որի վրա մենք չունենք ազդեցություն, այլեւ՝ այդ հանգամանքը պարունակում է ընդամենը այդ մեծ խաղում ավելի մանրանալու, քան ամրանալու հեռանկար:

Ինչ նկատի ունեմ, ավելի մանրանալ ասելով: Այն, որ մեր այդ խոսույթը կամ քննարկումները կարող է ընդամենը օգտագործել Թուրքիան, այդ մեծ խաղի համար: Եթե մենք մտածում են, թե այդ կերպ մենք կարող ենք Թուրքիային տրամադրել Հայաստանի հանդեպ բարյացկամության, ապա այդտեղ էլ թերեւս սխալվում ենք չարաչար:

Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ բացարձակապես էմոցիոնալ տիրույթում չէ: Այյն բացարձակապես պայմանավորված չէ նրանով՝ մենք կհիշե՞նք ցեղասպանություն, թե՞ ոչ, կհիշե՞նք Սեւր, Արեւմտյան Հայաստան, թե՞ ոչ: Ներեցեք, բայց այդօրինակ չափումները, ըստ իս, պարզապես միամտություն կամ մոլորություն են:

Մեր հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չափվում է իր ռազմավարական նպատակադրումներով ու խնդիրներով: Այո, նա կարող է առիթ դարձնել մեր որեւէ հիշատակում: Բայց այն դեպքում, երբ նրան պետք է այդպիսի առիթ: Եթե կա «պետք»-ի ռազմավարական որոշում, ապա առիթ կստեղծի հենց ինքն էլ, եթե նույնիսկ մենք չտանք այդ առիթը: Իսկ գործիքներ ունի շատ:

Չի նշանակում իհարկե, թե կապ չունի մեր հռետորաբանությունը: Բայց, այդ առնչությամբ բերեմ Ասադի օրինակը, Էրդողանի հետ նրա ջերմ, ընտանեկան հարաբերության օրինակը: Երբ Թուրքիայի մոտ ձեւավորվեց «պետք»-ի ժամանակային ու տարածական մոտիվն ու հնարավորությունը, ժամանակի ջերմությունը որեւէ կերպ չփրկեց Ասադին: 👇
👆👆 Ըստ այդմ, մենք իհարկե պետք է կարողանանք «դուրս գալ» Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության ռեժիմի, որպեսզի մեզ վերաբերող հարցերում Անկարայի հետ խոսեն ոչ միայն երրորդ կողմեր՝ նրանք միեւնույն է խոսելու են, ուզենք մենք, թե ոչ, այլ խոսելու հնարավորություն ունենանք նաեւ մենք:

Եվ հետեւաբար, այդ նկատառումից ելնելով, մենք անշուշտ ունենք թերեւս Թուրքիայի հանդեպ մեր պաշտոնական հռետորաբանության մեջ հավասարակշռություն ապահովելու, հարկ եղած դեպքում՝ կառավարելի լռություն պահպանելու հմտության անհրաժեշտություն:

Բայց, մտածել, թե ցեղասպաննության թեմայով «անկառավարելի խոսույթով» հնարավոր է արդյունավետ կառավարել Թուրքիայից բխող մարտահրավերները եւ ռիսկերը, ըստ իս, մոլորություն, միամտություն կամ թյուրընկալում է, եթե դիտավորություն չէ:
💥 Լուկաշենկոն, որ պատրաստվում է նախագահի պաշտոնում վերարտադրության՝ նախագահի ընտրություն միջոցառումն այսօր է, հայտարարել է, որ ինքն ու Պուտինն ապշած էին, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:

«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ: Փաստացի Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ այդ տարածքում Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու: Բայց հետո այդպիսի նվեր եղավ, և ո՞վ չէր օգտվի դրանից», հայտարարել է Լուկաշենկոն:

Սա մեզ համար ցավագին թեմա է: Լուկաշենկոյին դիտարկել որպես ճշմարտության ակունք, անշուշտ կլինի հիմարություն: Սա իհարկե ոչ միայն Լուկաշենկոյի, այլ ցանկացած իշխանության մասին, այդ թվում սեփական իշխանության:

Լուկաշենկոյի հայտարարության մեջ, օրինակ, ուշադրության է արժանի այն, որ նա զանգում է Պուտինին եւ ասում՝ «դու՞ ես դրդել»: Այսինքն, նրա մտքով առնվազն անցնում է, որ Փաշինյանը դա գուցե արել է Պուտինի դրդմամբ: Հետեւաբար, նա կարող էր պատկերացնել Պուտինի հնարավոր մոտիվ:

Մյուս կողմից, անկասկած է, որ, եթե Հայաստանը հայտարարում է Արցախը Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ այդ պահից հիմնավորապես փոխվում է կոնֆլիկտի միջազգային միջավայրը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ: Հայաստանը անցնող երկու-երեք տասնամյակում պարբերաբար է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, բայց, մի բան է հայտարարել դա, չխոսելով այդ ամբողջության կազմում Արցախը ճանաչելու մասին, եւ բոլորովին այլ է, երբ հայտարարում ես Արցախն Ադրբեջանի կազմ:

Միեւնույն ժամանակ, կարեւոր է ժամանակագրությունը: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:

շարունակությունը…👇
💥 սկիզբ...

Այդ հանդիպումից հետո Երեւանը տարածեց հաղորդագրություն. «Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին»:

Ուշադրություն, ոչ մի խոսք հոկտեմբերին Պրահայում հնարավոր հանդիպման մասին: Օգոստոսի 31-ին Բրյուսելում պայմանավորվում են նոյեմբերին հանդիպելու մասին:

Եվ ահա, երկու շաբաթ անց տեղի է ունենում Ադրբեջանի ագրեսիան Ջերմուկի ուղղությամբ: Բրյուսելում այդ հանդիպումից հետո ագրեսիան Ջերմուկի ուղղությամբ: Նկատենք, Բրյուսելին հաջորդած Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» ձեւակերպումը:

Սակայն, հավաստի աղբյուրը փոխանցում է, ինչի մասին ես խոսել եմ բազմիցս, որ Բրյուսելի այդ հանդիպմանը նախորդող ժամերին Երեւանին է փոխանցվել «ռեինտեգրացիայի» գաղափարն օրակարգ բերելու փաստաթուղթ, որը չի ընդունվել:

Երկու շաբաթ անց Ջերմուկի ագրեսիա, որից երեք շաբաթ անց քառակողմ հանդիպումն է կայանում Պրահայում՝ Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիեւ: Դրա արդյունքում տարածվում է հետեւյալ հայտարարությունը՝

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Նկատեմ, որ առ այսօր Երեւանի հռետորաբանության մեջ օգտագործվում է՝ «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջությունը» արտահայտությունը:: Այսինքն, փաստացի, Ադրբեջանը ստանալով Հայաստանի ճանաչումը Արցախի մասով, առ այսօր չի արել փոխադարձ ճանաչում: Փոխարենը, Իլհամ Ալիեւը տարեվերջին ընդունելով Շարլ Միշելին, որը ավարտում էր իր պաշտոնավարումը, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի կարեւոր պայմանավորվածությունները եղել են Միշելի նախաձեռնած բրյուսելյան գործընթացում:

Պրահայում քառակողմ հանդիպումից առաջ տեղի ունեցավ նաեւ Փաշինյան-Էրդողան հանդիպում:

Պրահայի այդ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 7-ին մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մասնակցում է ԱՊՀ գագաթնաժողովին: Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում տեղի չի ունենում:
🔴🔴🔴 Մի հարց մեզանում թերեւս չդիտարկվեց:

Ինչու՞ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը, որ ստորագրվեց 2024 թվականի օգոստոսի 30-ին, Հայաստանում անցավ ներպետական վավերացման գործընթաց՝ կառավարության նիստում հավանություն, ՍԴ հավանություն, ԱԺ հանձնաժողովի հավանություն, ԱԺ լիագումար նիստի հավանություն եւ նախագահի ստորագրություն, իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձննաժողովների կանոնադրությունը՝ որ ստորագրվեց 2025-ի հունվարի 14-ին, կարծես թե չի անցնելու այդպիսի վավերացում:

Ի դեպ, հիշեցնեմ, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը ներպետական վավերացման այն պրոցեդուրան չի անցել, ինչը Հայաստանում:

Ադրբեջանում այդ կանոնադրությունը ստորագրվելուց հետո մմիայն ենթարկվել է նախագահի ստորագրության: Այլ կերպ ասած, Բաքուն այդ փաստաթղթին տվել է նվազ իրավա-քաղաքական կարեւորություն եւ համարել է, որ այն ներպետական վավերացման գործընթացի ենթակա փաստաթուղթ չէ:

Հիշեցնեմ, որ Երեւանը ներպետական վավերացման գործընթացը ավարտել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին: 24-ի առավոտյան է եղել տեղեկություն, որ նախագահը ստորագրել է ԱԺ վավերացրած կանոնադրությունը: Ընդ որում, այդ տեղեկությունը փաստորեն նախորդեց Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: Հանդիպումից հետո՝ հոկտեմբերի 25-ին տեղեկություն եղավ, որ ստարգրել է նաեւ Իլհամ Ալիեւը: Բայց, կրկնեմ, Ադրբեջանում այն չի անցել ներպետական վավերացում, այլ եղել է ընդամենը նախագահի ստորագրություն:

Ընդ որում, ուշադրության է արժանի թերեւս այն, որ համաձայն ՀՀ օրենքի, ներպետական վավերացման է ենթակա այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.
5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:
💥 Գործնականում, մեծ հաշվով, Լուկաշենկոն դարձյալ հասավ Հայաստանի վարչապետին օժանդակության, ներքին դաշտում հանրային տրամադրվածության եւ տեղեկատվական բավականին անբարենպաստ ֆոնին:

Ինչպես առիթ եմ ունեցել նկարագրելու որոշ ժամանակ առաջ, Լուկաշենկոն թերեւս Հայաստանի վարչապետի PR արտահաստիքային թեկնածու է:

Ակնառու է, որ Լուկաշենկոն մեզանում այնքան վարկաբեկված եւ հակակրանք առաջացնող կերպար է, անգամ այսպես ասենք «ոչ հակառուսական» տրամաբանության դաշտի զգալի մասում, որ նրա հայտարարությունները Փաշինյանի հասցեին ուղղակի, թե անուղղակի ունեն ավելի շատ հենց հակառակ էֆեկտ:

Չգիտեմ, Լուկաշենկոյին դա հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ՝ ինքն ունի իր խնդիրներն ու մղումները:

Բայց կա հետաքրքիր մի «օրինաչափություն»՝ նրա հայտարարությունները Փաշինյանի հասցեին, «ուշ ուշշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք «ճիշտ ժամանակին»», ինչպես կասեր դասականը:
⚡️ Ասվում է՝ Տրամպը չեղարկեց Իսրայելին ծանր ռումբերի մատակարարման արգելքը, որ սահմանել էր Բայդենի վարչակազմը:

Ի՞նչ էր ասում Ջո Բայդենը, երբ պաշտոնը թողնելուց մի քանի օր առաջ ազդարարում էր Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի համաձայնության մասին:

Երբ նրան հարցնում էին, թե այդ հրադադարի համաձայնությունը ու՞մ վաստակի արդյունք է՝ ի՞ր հեռացող վարչակազմի, թե՞ եկող՝ Տրամպի, նա պատասխանել էր, որ երկու թիմերը աշխատել են գործակցված:

Իսկ արդյո՞ք ծանր ռումբերի մատակարարման արգելքի չեղարկումը այդ գործակցված աշխատանքի, եւ Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի համաձայնության մաս չէ, ընդ որում՝ որպես «մխիթարություն» Իսրայելին: Որովհետեւ Թել Ավիվում խիստ բացասաբար է ընդունվել համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ:
💥 Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյը: Նա այսօր հանդիպել է օրինակ Հայաստանի ԱԽ քարտուղարին:

Բրիս Ռոքֆոյը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն է, թեեւ ներկայումս թե ԱՄՆ, թե Ֆրանսիան, թե Ռուսաստանը իրենց համանախագահներին տվել են այլ պաշտոնեական կարգավիճակ եւ այլեւս չեն գործածում համանախագահ ձեւակերպումը:

Ռոքֆոյի այցը թերեւս պայմանավորված է գերազանցապես հայ-ադրբեջանական, այլ ոչ թե հայ-ֆրանսիական երկկողմ թեմատիկայով:

Այստեղ ուշագրավ է մի բան: Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկու օր առաջ դատապարտել էր Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում Ադրբեջանի հրահրումները՝ այսպես ասած անկախական կամ ապագաղութատիրական շարժումների մասով, եւ պահանջել է դադարեցնել դրանք: Տարեսկզբին թեմային անդրադարձել էր նաեւ Մակրոնը, հայտարարելով, որ Ադրբեջանը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում իրականացնում է միջամտություն:

Ինչպես օրեր առաջ նշել եմ հարցազրույցում, մեղմ ասած տարակուսելի է, երբ ՄԱԿ ԱԽ անդամ պետությունը, միջուկային տերություններից մեկը Ադրբեջանին մեղադրում է իր տարածքներն ապակայունացնելու համար: Տվյալ պարագայում հարցն այն չէ, որ Ադրբեջանը դա չի անում: Հակառակը, խնդիրն այն է, որ Բաքուն դա անում է, ընդ որում գործնականում դե ֆակտո անթաքույց, իսկ Ֆրանսիան ըստ էության ահեմանայն դեպս առայժմ անկարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել այդ ապակայունացման փորձերը:

Ավելին, Նոր Կալեդոնիայում օրերս Բաքվի ակնհայտ աջակցությամբ եւ հովանավորությամբ տեղի է ունեցել ապագաղութատիրական համաժողով՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների «անկախական կազմակերպությունների» մասնակցությամբ, իսկ մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը՝ այսպես ասած Բաքվի նախաձեռնող խումբը գործակցության պայմանագիր էր կնքել Ֆրանսիայի մեկ այլ անդրծովյան տարածքի՝ Ռեյունոն կղզու «անկախական» կազմակերպություններից մեկի հետ:

Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Աթալը օրերս հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է պատժել:

Ֆրանսիան կարո՞ղ է անել դա, ինչպե՞ս: Ահա այս պատկերի ֆոնին է, որ Ֆրանսիայի դիվանագետ, Մինսկի խմբի համանախագահ Ռոքֆոյի այցը Հայաստան պատկերանում է որոշակի հարցադրումների ներքո: Ֆրանսիան ինչ որ ակնկալի՞ք ունի այդ հարցում Հայաստանից:

Սա, կրկնեմ, հարցադրում է, ելնելով վերը նկարագրածս պատկերից եւ դրա «թարմ ֆոնին» ֆրանսիացի դիվանագետի, ընդ որում հայ-ադրբեջանական թեմատիկային քաջածանոթ դիվանագետի Հայաստան այցի հանգամանքից:

Եթե այդուհանդերձ կա այդպիսի հանգամանք կամ մտադրություն, ակնկալիք, ապա Երեւանը, կարծում եմ, որեւէ կերպ չպետք է տուրք տա դրան:

Հայ-ֆրանսիական գործակցությունը, բարեկամությունը, երկկողմ հարաբերությունը շատ կարեւոր ու ողջունելի է, անհրաժեշտ: Բայց, Հայաստանը չպետք է ներգրավվի որեւէ ուղիղ «պատժիչ» ակնկալիքի դաշտ, լինի դա Ֆրանսիայի համար, թե որեւէ այլ երկրի: 🇦🇲🇫🇷
🔴 Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հունվարի 17-ին: Ընդ որում, դա այն օրն էր, երբ Պուտինն ընդունելու էր Իրանի նախագահին եւ ստորագրվելու էր ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրը:

Եթե ռուսական կողմն այդ օրը համաձայնում է հեռախոսազանգ ընդունել Երեւանից, ապա դա առնվազն նշանակում է, որ քննարկումը եղել է ինչ որ առարկայական թեմայի շուրջ:

Ինչու՞ եմ ասում սա, կամ հիշեցնում սա: Մարդիկ ասում են, թե Պուտինը Լուկաշենկոի միջոցով բան է հասկացնում Փաշինյանին: Պուտինը Փաշինյանին հասկացնելու բան կունենա՞, ունի՞: Գուցե, հնարավոր է, ես չգիտեմ:

Բայց, Պուտինը Փաշինյանին ինչ որ բան հասկացնելու այլ տարբերակ չունի՞, քան Լուկաշենկոյի հայտարարությունները, այն էլ հրապարակային հայտարարությունները: Սա իհարկե հարցի մի կողմն է:

Մյուս կողմն այն է, որ կամա, թե ակամա, հանրության մեջ սնուցվում է այն մտայնությունը, որ Փաշինյանը կորցրել է Պուտինի «հովանին»: Ո՞րն է այդ հավաստիացումների իմաստը: Այն, որ հանրությունը այդպես կոգեւորվի եւ դուրս կգա Փաշինյանի դեմ ավելի ակտի՞վ: Այսինքն, Պուտինի «հովանին» (տես՝ Բայդենի հովանին, Տրամպի հովանին, Էրդողանի հովանին, Ցզինպինի հովանին, Մակրոնի հովանին, չգիտեմ ում հովանին) Հայաստանում դարձվում է հանրային ոգու «չափորոշի՞չ»՝ եթե հովանին կա, ուրեմն հույս չկա, եթե հովանին չկա, ուրեմն հույս կա՞:

Անկասկած է, որ արտաքին ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա, այդ թվում եւ հատկապես իշխանության ձեւավորման գործընթացների վրա, շատ մեծ է, առավել եւս վերջին տարիներին: Եվ իհարկե, նրանք, ովքեր զբաղված են քաղաքականությամբ, չեն կարող հաշվի չառնել դա: Դա օբյեկտիվ է, դուր գա, թե ոչ, ուզենք, թե ոչ:

Բայց, հանրային մտածողության առումով պետք է ձեւավորել այդ ազդեցությունից դուրս չափանիշներ, ու հանրությանը ոգեւորել արվող առաջարկներով, դրանց ներառականությամբ, առարկայականությամբ, ոգեւորել սեփական քաղաքական հաջողությունների թեկուզ փոքր պատմություններով:

Ի վերջո, այդպես պետք է կերտվի սուբյեկտային հանրությունը, որը շատ թե քիչ կհավասարակշռի արտաքին ազդեցության աստիճանը:
💥 2020 թվականից հետո Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիր է դիտարկվում վերականգնումը, կերպափոխումը, արդիականացումը:

Սակայն այդ ամենով հանդերձ, ըստ իս զինուժի գլխավոր խնդիրը ներկայումս գաղափարական ճգնաժամն է: Հայաստանի զինված ուժերը, Հայաստանի բանակտ ձեւավորվել են Արցախի հաղթանակի վրա, Արցախի պաշտպանության ու անվտանգության գերակա գաղափարի հիմքով:

Իհարկե, ծանծաղամտություն կլինի այդ հանգամանքը ներկայացնել իբրեւ իրողություն, երբ Հայաստան պետության փոխարեն Հայաստանի զինված ուժերի գաղափարական հիմքում Արցախն է: Արցախը գաղափարական, արժեքային հիմք է եղել հենց Հայաստանի հանրապետության, հայկական վերականգնված անկախ պետականության գաղափարական ու հայեցակարգային ավելի մեծ պատկերի շրջանակում: Արցախի պաշտպանությունը դիտվել է որպես Հայաստանի հանրապետության, հայկական պետականության պաշտպանության հիմնարար մաս:

Բայց, այսօր դա փլուզվել է, կորսվել, հետեւաբար հայկական բանակը, Հայաստանի զինուժը կորցրել է իր գաղափարական հենքը:

Հիմա փորձ է արվում դրա ներքո մատուցել «իրական Հայաստանի» գաղափարը: Դա սակայն, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այլ բան չէ, քան պարզապես պարտության վերափաթեթավորման իշխանական քարոզչություն: Իսկ պարտության վերափաթեթավորումը չի կարող լինել զինուժի գաղափարական հենք:

Ըստ այդմ, Հայաստանի զինված ուժերը ներկայումս գաղափարական ճգնաժամում են: Իսկ զինված ուժերը, ցանկացած երկրի, մարտունակ ու դիմադրունակ են ոչ միայն իրենց ռազմա-տեխնիկական հագեցածության եւ կառավարման բարձր մակարդակի, այլ նաեւ գաղափարական հենքի շնորհիվ:
💥 Զինուժի հարցում, մենք, որպես հանրություն եւ պետություն, ըստ իս, անցնող ավելի քան երեք տասնամյակում չգտանք բալանսը:

Մինչեւ 44-օրյա պատերազմը մեզանում բանակը հիմնականում ընկալվում կամ մատուցվում էր զգայականացված գերադրականությամբ, իսկ պատերազմից հետո էլ հակառակն է՝ ավելի շատ է մատուցումն ու ընկալումը, թե «չենք ունեցել բանակ» եւ չունենք:

Առավել զարմանալին այն է, որ կան շատ մարդիկ, որ ուղղակի, թե անուղղակի՝ երկուսի մեջ էլ կան: Մինչեւ 2020 թվականը գերադրականացնողների շարքում էին, 2020-ից հետո՝ «մենք չենք ունեցել» կամ «չունենք» ասողների: Ըստ երեւույթին՝ «օրվա տրենդի մեջ»:

Մենք բանակ ունեցել ենք, եւ այդ բանակը ոչ միայն չի եղել վատ բանակ, այլ օբյեկտիվորեն համապատասխանել է այն կոնֆլիկտին, որ եղել է մեր պետականության ուղեկիցը անկախության վերականգնումից ի վեր:

Այլ հարց է, որ մեր բանակը չուներ այն համապատասխանությունը, որ պահանջում էր կոնֆլիկտի արդեն աշխարհաքաղաքական շրջանակը, այն էլ աստիճանաբար սեղմվող շրջանակը: Ինչու՞ չուներ, կամ՝ իսկ կարո՞ղ էր ունենալ, եթե իրատեսորեն գնահատենք ժամանակը, հանգամանքները, մեր ռեսուրսային հնարավորությունները, եւ այլն: Այստեղ առնվազն չկա որեւէ միարժեք պատասխան, ըստ իս:

Ի վերջո, նաեւ դրա համար է, որ չափազանց մեծ նշանակություն ուներ այն, թե Հայաստանն ինչպես է դիվանագիտական մակարդակում կառավարում աշխարհաքաղաքական մարտահրավերների շրջանակը:

Ինչպես է բանակը եւ պետությունն ընդհանրապես կառավարվել 44-օրյա պատերազմի շրջանակում, դա առանձին խոսակցության նյութ է: Եվ այստեղ շատ կարեւոր է ոչ թե դրվագային, այլ հանգամանալից ամբողջական պատկերի վերհանումն ու մասնագիտական դիտարկումը: Ես այսօր կարծում եմ, որ չկա այդ աշխատանքի բավարար նախադրյալ:

Բայց մի բան աներկբա է, գոնե ինձ համար, որ ցանկացած պատերազմի արդյունքի կամ հետեւանքի պատասխանատուն բուրգն է՝ գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ ԶՈՒ բարձրագույն գեներալակազմ:

Իսկ զինուժի հարցում, մենք պետք է կարողանանք գտնել հանրային ընկալման, վերաբերմունքի բալանսը, որ չհայտնվենք անհարկի ինքնախաբեության կամ ինքնախարազանման մտային ու հոգեբանական «փոսում», կամ՝ հնարավորինս շուտ դուրս գանք այդ «փոսից»: 🇦🇲
🔥Ներեցեք իհարկե, գիտեք, որ առավելապես ձեռնպահ եմ մնում կոշտ բնորոշումներից, բայց առավել անհեթեթ իմաստ պարունակող տրամաբանություն, քան՝ «բանակը հասարակության հայելին» է տիպի բովանդակությունը, թերեւս գոյություն չունի:

Մի պարզ պատճառով: Ամեն ինչն էլ հասարակության հայելին է: Կա՞ մի ոլորտ, որը ոչ թե հասարակության, այլ ասենք՝ այլմոլորակայինների հայելին է:

Բոլոր ոլորտներում էլ ներգրավված են մեր հանրության ներկայացուցիչները: Հետեւաբար, բոլոր ոլորտներում եղած խնդիրներն էլ հնարավոր է «բարդել» հանրության վրա, հանրային բարքերի, ընտանեկան դաստիրակության վրա, այդպես ազատելով շատ կոնկրետ ոլորտային պատասխանատուներին իրենց պատասխանատվությունից, լղոզել պատասխանատվությունը, ձեւավորել ալիբիներ:

Մինչդեռ, հենց այդտեղ է պատասխանատուների խնդիրը, ոչ թե փնտրել ալիբիներ, այլ չեզոքացնել հանրային խնդիրները, որոնք արտահայտվում են այս կամ այն ոլորտում: Հենց ոլորտային պատասխանատուների աշխատանքի շնորհիվ է, որ այս կամ այն ոլորտը, առավել եւս բանակը, դադարի դառնալ հանրային արատների կամ բարքերի «ջերմոց», այլ վերածվի նույնիսկ «ֆիլտրի», որտեղով անցնողները երկամյա ծառայության ընթացքում կստանան կարգապահության, պատասխանատվության, մտածության եւ արժեքային այլ որակներ:

Ավելին, բանակը այն եզակի ոլորտներից է, որն իր տրամաբանության, ռեժիմային առանձնահատկության, «վարչահրամայական մեխանիզմի» լեգիտիմության շնորհիվ կարող է լինել այդպիսի առավել արդյունավետ ինստիտուտներից մեկը:

Պարզապես, դրա համար պետք է, որ բանակով անմիջականորեն զբաղվեն մարդիկ, որոնք նախ ունեն պատասխանատվություն, այլ ոչ թե պատասխանատվությունից խուսանավելու համար ալիբիներ մոգոնելու հնարամտություն, եւ երկրորդ՝ ունեն արժեհամակարգային ու մտածողական լայնախոհություն, որն ուղեկցվում է մասնագիտական կոմպետենտությամբ: 🇦🇲
💥Հայաստանի վարչապետը պարբերաբար խոսում է այն «հայրենասիրության մոդելի» մասին, որով մեր բանակը, ըստ նրա, պաշտպանելու է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները: «Այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, տարածքների անվտանգությունը», այսօր էլ ասում է Նիկոլ Փաշինյանը:

Կարծես թե Հայաստանի հանրապետությունն իր զինվորի առաջ երբեւէ դրել է այլ խնդիր՝ պաշտպանել ինչ որ այլ տարածքներ:

Այստեղ կարող են հնչել փաստարկներ, թե Հայաստանի Զինուժը Արցախում էր, Արցախի շուրջ անվտանգության գոտում, եւ դա մեր տարածքը չէր:

Ու թվում է, թե սա շատ տրամաբանական փաստարկ է, այսպես ասած միջազգային իրավունքի տեսանկյունից:

Գործնականում, դա այդպես կարող է թվալ միայն այն անձանց համար, որոնք բացարձակես խորամուխ չեն եղել արցախյան կոնֆլիկտի իրավա-քաղաքական էության, «կառուցվածքի» հարցում, այլ պարզապես շարքային մեդիասպառող են ժամանցի տրամաբանությամբ: Հենց նրանց էլ իհարկե հասցեագրում է իր խոսքը Փաշինյանը, հենց նրանց վրա էլ կատարում է խոսքի խաղադրույքը: Իհարկե այդպիսի մարդիկ քիչ չեն:

Իրականում, ՀՀ զինվորը երբեք չի պաշտպանել ուրիշի տարածքը: Եթե ՀՀ զինվորը պաշտպաներ ուրիշի տարածքը, ապա այնպիսի գերտերությունները, ինչպիսիք ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան, ՄԱԿ ԱԽ-ն, ԵԱՀԿ-ն, չէին սահմանի մանդատ՝ համանախագահությունը, որը պետք է խաղաղ կարգավորեր արցախյան հակամարտությունը: Եթե վերը նշածս ինստանցիաները չէին ճանաչում այդ տարածքներն ու Արցախը որպես Հայաստանի մաս, դա դեռ չի նշանակում, որ նրանք Հայաստանի զիուժը գնահատում էին ագրեսոր: Չէ՞ որ, եթե դա քո տարածքը չէ, ուրեմն դու ագրեսոր ես: Հետեւաբար, ինչու՞ Հայաստանը չէր ճանաչվում ագրեսոր:

Որովհետեւ, կոնֆլիկտը ուներ միջազգային ճանաչում: Միջազգային իրավունքը այդ հարցում հայտնվել էր կոնֆլիկտային, այսինքն հարաբերական վիճակում, այդ իսկ պատճառով էլ իրավիճակը դիտարկվում էր Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, «Իրական Հայաստանի» կոնցեպտ ասվածը գործնականում իր բովանդակությամբ եւ փաստարկվածությամբ այլ բան չէ, քան պարզապես պատերազմի պարտության ու Արցախի կորստի համար պատասխանատվությունը լղոզելու եւ իրավիճակը շրջելով՝ քաղաքական դիրքերը պահելու մոդել:

Ընդ որում, զուտ այդ տսանկյունից Փաշինյանի վարքագիծը միանգամայն բնական է: Չշփոթել՝ ընդունելի է, թե ոչ: Բայց բնական է, հայտնվելով ծանր իրավիճակում, նա փորձում է մնալ ջրի վրա, չխորտակվել:

Բուն հարցն այն է, թե ինչպիսին է «հակընդդեմ» պատկերը հասարակական-քաղաքական միջավայրում: Այստեղ, ցավոք, ինչպես դարձյալ առի եմ ունեցել ասելու, խաղադրույքը կատարվում է հանրության վախճանաբանական, կամ ուռահայրենասիրական էմոցիոնալ ընկալումների վրա: Իսկ դա, կամա, թե ակամա, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանի համար ստեղծում է իր խաղադրույքը արդարացնելու ավելի մեծ հնարավորություններ:
💥 Բանակի օրն իհարկե «կլանել» է հանրային ուշադրությունը, սակայն բաց չթողնենք ուշադրության արժանի այլ իրողություններ: Մասնավորապես, նախօրեին տեղեկություն եղավ, որ փոխարտգործնախարար Կոստանյանը այցելել է Դամասկոս ու հանդիպել Սիրիայի նոր կառավարության ԱԳ նախարարին:

Այստեղ ուշադրության կարժանացնեմ երկու հանգամանք: Ըստ պաշտոնական հաղորդագրության, խոսք է գնացել երկկողմ հարաբերոթյան մասին, Երեւանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայի հումանիտար հարցերին:

Հիշեցնեմ, որ Ասադի ժամանակ Հալեպի նահանգում գործում էր Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ռազմական բժիշկներ ու ականազերծողներ: Այն գործում էր ՌԴ հետ պայմանավորվածությամբ, որ քննարկվում էր 2016-ից եւ ձեռք բերվեց 2018-ին: Հալեպի դեպ գրոհի ժամանակ Հայաստանի ՊՆ հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցնում է այդ առաքելության աշխատանքը եւ այն վերադառնում է Երեւան:

Բնական է, որ առաքելության վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածությունն այլեւս չկա, որովհետեւ գետնի վրա Սիրիայում այլեւս չկա ռուսական ուղիղ ներկայություն: Մոսկվան Սիրիայի կառավարության հետ բանակցում է Տարտուսի եւ Խմեյնիմի իր բազանների ճակատագրի հարցում:

Արդյո՞ք Երեւանը Դամասկոսի հետ հիմա բանակցում է առաքելությունը վերադարձնելու հարց: Ինչպես գրել եմ թե 2016-ին, թե 2018-ին, այժմ էլ կգրեմ, որ, Սիրիայում Հայաստանի մարդասիրական ներկայությունը ունի թե բարոյահոգեբանական, թե նաեւ քաղաքական նշանակություն: Որքան էլ խիստ նոսրացել է Սիրիայում ապրող հայ համայնքը, այդուհանդերձ մի քանի հազար մեր հայրենակից ապրում է այնտեղ եւ Հայաստանն ունի իր մարդասիրական ներկայությամբ ձեւավորել մեր հայրենակիցների պաշտպանվածության որոշակի մի շերտ: Իսկ առավել եւս ներկայիս անցումային փուլում դրա ամեն մի միլիմետրը կարեւոր է:

Միաժամանակ, արդյո՞ք այդ առաքելությունը կարող է լինել ԻԳԻԼ-ի դեմ Գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալու ձեւաչափը, որի մասին հայտարարվեց հունվարի 14-ին Վաշինգտոնում: Առիթ ունեցել եմ գրելու, որ, ամենեւին չեմ բացառում այդօրինակ քայլերի անհրաժեշտության քաղաքական մոտիվները, եւ այդ իմաաստով օպտիմալը կլինի հենց մարդասիրական ձեւաչափը, որը առավելապես չեզոք տրամաբանություն ունի եւ Հայաստանի թե առաքելությունը, թե Հայաստանն ընդհանրապես զերծ կպահի թիրախավորումից:

Մյուս հանգամանքի մասին, որ արժանի է ուշադրության, հաջորդ գրառումով՝👇
👆Հայաստանի փոխարտգործնախարարի եւ Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում էր, որ անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման թեմաների:

Հարց է առաջանում, այդ կապակցությամբ Հայաստանն ի՞նչ թեմա պետք է ունենա Սիրիայի հետ: Ըստ այդմ, արդյո՞ք Սիրիան կարող է դառնալ հայ-թուրքական եւ նույնիսկ հայ-ադրբեջանական հաղորդակցության «կամուտատոր», եթե հաշվի առնենք, թե ինչ դեր ունի Սիրիայում Թուրքիան՝ Ասադից հետո, ու նաեւ այն, որ Ադրբեջանն էլ կարծես թե Թուրքիայի հետ կարող է որոշակի ներգրավում ունենալ: Համենայն դեպս, Ալիեւը Դամասկոսի անկումից հետո Էրրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, թե Սիիրիայում կլինեն Թուրքիայի կողքին: Խոսվում է, որ Բաքուն էլ կունենա մարդասիրական ներգրավվածություն:

Երբ Հայաստանի փոխարտգործնախարարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցեր, համենայն դեպս ինձ բարդ է պատկերացնել որեւէ այլ հարց: Միաժամանակ, դա Երեւանի՞ նախաձեռնությունն է կամ միտքը, թե՞…:

Ի դեպ, ավելորդ չէ նկատել, որ Հայաստանի փոխարտգործնախարարը Սիրիայից առաջ Թեհրանում էր, հանդիպել է արտգործնախարար Արաղչիի եւ այլ պաշտոնյաների, այդ թվում Գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
2025/01/29 01:23:30
Back to Top
HTML Embed Code: